ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ 2


ԳԼՈՒԽ 2

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Հոդված 6. Հանրակրթության պետական չափորոշիչը

  1. Հանրակրթության պետական չափորոշիչը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի`

1) ուսումնական բնագավառներն ու կրթության բովանդակության բաղադրիչները.

2) շրջանավարտներին ներկայացվող  որակական պահանջները` ըստ կրթական աստիճանների եւ ուսումնական բնագավառների.

3) հենքային ուսումնական պլանը  եւ առարկայացանկերի ձեւավորման հիմնական սկզբունքները.

4) սովորողների գնահատման ձեւերը, սանդղակը, հաշվառման կարգը:

  1. Հանրակրթության պետական չափորոշչի պահանջները պարտադիր են կրթական ծրագրերի եւ ուսումնական հաստատությունների համար:
  2. Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  3. Հենքային ուսումնական պլանը սահմանում է հանրակրթական հիմնական ծրագրերի նորմատիվային ծավալը` ըստ ուսումնական տարիների` արտահայտված ուսումնական պարապմունքների ժամաքանակով (դասաժամերով), ներառյալ` ուսումնական բնագավառներին հատկացվող պարտադիր նվազագույն ժամաքանակները:
  4. Ուսումնական բնագավառներին հատկացվող պարտադիր նվազագույն ժամաքանակը հիմնական դպրոցում չի կարող լինել ընդհանուր նորմատիվային ժամաքանակի կեսից պակաս, իսկ ավագ դպրոցում` 30 տոկոսից պակաս:

Հոդված 7. Հանրակրթական ծրագրերը

  1. Հանրակրթական հիմնական ծրագրերն ուսումնական պլանների ու առարկայական ծրագրերի եւ դրանց համապատասխան ուսուցման կազմակերպման ձեւերի, միջոցների ու մեթոդների ամբողջությունն է, որն ապահովում է հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված` շրջանավարտներին ներկայացվող նվազագույն որակական պահանջները` ըստ մակարդակների:
  2. Հանրակրթական լրացուցիչ ծրագրերը նպատակաուղղված են հիմնական ծրագրերից դուրս սովորողների նախասիրությունների եւ կրթական պահանջմունքների բավարարմանը: Հանրակրթական լրացուցիչ ծրագիր կարող է իրականացնել ուսումնական հաստատությունը կամ այլ կազմակերպություն` համաձայն իր կանոնադրության:
  3. Հանրակրթական հիմնական ծրագրերը, բացի նախադպրոցական ծրագրից, ներառում են նաեւ հետեւյալ ծրագրերը.

1) տարրական հանրակրթական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ).

2) հիմնական հանրակրթական  (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ).

3) միջնակարգ հանրակրթական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ):

Հանրակրթական ընդհանուր ծրագրերը ներառում են նաեւ հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցման ծրագրերը:

  1. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը մշակում եւ հաստատում է տարրական, հիմնական եւ միջնակարգ հանրակրթական ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ պետական ծրագրեր (այսուհետ` հանրակրթական պետական ծրագիր):

Հանրակրթական պետական ծրագիրը ներառում է օրինակելի ուսումնական պլանը, առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը, երաշխավորված դասագրքերի ցանկը, ծրագրի իրականացումն ապահովող իրավական այլ ակտեր:

  1. Հանրակրթական պետական ծրագրի օրինակելի ուսումնական պլանը կազմված է պետական եւ դպրոցական հետեւյալ բաղադրիչներից.

1) պետական բաղադրիչը ներառում է առարկայացանկը եւ դրան հատկացվող ժամաքանակները.

2) դպրոցական բաղադրիչին հատկացված ժամաքանակը նախատեսված է հոսքային կամ առանձին առարկաների խորացված կրթական ծրագրերի իրականացման եւ(կամ) սովորողների նախասիրություններին, ուսումնական հաստատության առանձնահատկություններին, համայնքի կարիքներին համապատասխան կրթություն կազմակերպելու նպատակով: Դպրոցական բաղադրիչը տնօրինում է ուսումնական հաստատությունը:

Հանրակրթական պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունն օրինակելի ուսումնական պլանի հիման վրա հաստատում է իր ուսումնական պլանը:

  1. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է հաստատել այլընտրանքային հանրակրթական հիմնական, այդ թվում՝ փորձարարական, հեղինակային եւ միջազգային ծրագրեր, որոնք չեն հակասում հանրակրթության պետական չափորոշչին:
  2. Հանրակրթական հիմնական ծրագրերը կառուցվում են հաջորդականության եւ շարունակականության սկզբունքով: Հանրակրթական հիմնական ծրագրերը, ըստ կրթական աստիճանների, դասակարգվում են.

1) 1-ին աստիճանի` տարրական.

2) 2-րդ աստիճանի` հիմնական.

3) 3-րդ աստիճանի` միջնակարգ:

Հանրակրթական ծրագրերի յուրացման արդյունքներն ամփոփվում են կրթական յուրաքանչյուր աստիճանի ավարտին: Հանրակրթական ծրագրի նախորդ աստիճանը չյուրացրած սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթության հաջորդ աստիճան:

  1. Միջնակարգ կրթության նորմատիվային ժամկետը 12 տարի է` եռաստիճան համակարգով.

1) 1-ին աստիճան՝ 4 տարի, 1-4-րդ դասարաններ.

2) 2-րդ աստիճան ՝ 5 տարի, 5-9-րդ դասարաններ.

3) 3-րդ աստիճան՝ 3 տարի, 10-12-րդ դասարաններ:

  1. Մասնագիտացված հանրակրթական, արտակարգ ընդունակություններ դրսեւորած երեխաների, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների եւ այլընտրանքային կրթական ծրագրերի իրականացման համար կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է սահմանել այլ ժամկետներ:
  2. Հանրակրթական հիմնական ծրագրերը, որպես անբաժանելի մաս, կարող են ներառել`

1) ուսումնական հաստատության կողմից իրականացվող ուսումնամեթոդական, փորձարարական, հետազոտական աշխատանքները.

2) մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման միջոցառումները.

3) սովորողների համար հանրակրթական  լրացուցիչ դասընթացների կազմակերպումը.

4) սովորողների առողջության պահպանման միջոցառումները.

5) սովորողների սննդի կազմակերպումը.

6) սովորողների տրանսպորտային կազմակերպված փոխադրումները.

7) սովորողների երկարօրյա ուսուցման եւ (կամ)  գիշերակացի կազմակերպումը.

8) ուսումնաարտադրական բազաներում, մարզաառողջարարական ճամբարներում սովորողների ուսուցման, դաստիարակության  ու հանգստի կազմակերպումը:

  1. Հանրակրթական հիմնական ծրագրերից յուրաքանչյուրի (այդ թվում` նախադպրոցական) իրականացումը, ըստ համապատասխան աստիճանի, լիցենզավորման ենթակա գործունեություն է:

Հանրակրթական ծրագրերի իրականացման լիցենզիան տալիս է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` լիցենզավորման գործընթացը կարգավորող օրենքով սահմանված կարգով: