ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 3


ԳԼՈՒԽ 3

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 8. Ուսումնական հաստատության տեսակները

  1. Ուսումնական հաստատությունը, ըստ դրանում իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի, դասվում է հետեւյալ տեսակների.

1) հանրակրթական դպրոց.

2) մասնագիտացված հանրակրթական դպրոց.

3) հատուկ հանրակրթական դպրոց:

  1. Մասնագիտացված եւ հատուկ  հանրակրթական  ուսումնական հաստատությունների գործունեությունը եւ դրանց առանձնահատկությունները սահմանվում են օրենքով, դրանց կանոնադրություններով եւ իրավական այլ ակտերով:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը,  այլընտրանքային հանրակրթական ծրագրերին համապատասխան, կարող է ստեղծել այլ տեսակի ուսումնական հաստատություն:
  3. Այլ տեսակի ոչ պետական ուսումնական հաստատությունը կարող է ստեղծվել հիմնադրի որոշմամբ ` օրենքով սահմանված կարգով:
  4. Ուսումնական հաստատությունը, ըստ իրականացվող կրթական ծրագրերի աստիճանի, լինում է`

1)  տարրական դպրոց  (1-4-րդ դասարաններ).

2) միջին դպրոց  (5-9-րդ  դասարաններ).

3) հիմնական դպրոց  (1-9-րդ  դասարաններ).

4) ավագ դպրոց  (10-12-րդ  դասարաններ).

5) վարժարան (5-12-րդ  դասարաններ).

6) միջնակարգ դպրոց (1-12-րդ  դասարաններ):

Հոդված 9. Ուսումնական հաստատությունների կազմակերպական-իրավական ձեւերը

  1. Ուսումնական հաստատությունը կարող է ունենալ օրենքով սահմանված ցանկացած կազմակերպական-իրավական ձեւ:
  2. Ուսումնական հաստատությունը կարող է գործել նաեւ կրթահամալիրի կազմում:
  3. Սովորողների անվճար հանրակրթությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, հիմնադրում է ուսումնական հաստատություններ պետական ոչ առեւտրային կազմակերպության կազմակերպական-իրավական ձեւով (այսուհետ` պետական ուսումնական հաստատություն):
  4. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետով սահմանված պետական ավագ դպրոցների համար լիազոր մարմինը կրթության պետական կառավարման լիազորված մարմինն է:
  5. Պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ոչ պետական ուսումնական հաստատության կանոնադրությունը հաստատում է հիմնադիրը` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած օրինակելի կանոնադրությունը։
  6. Ոչ պետական ուսումնական հաստատության կանոնադրությունը չպետք է հակասի «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ սույն օրենքի դրույթներին:
  7. Ուսումնական հաստատությունն ունի կնիք, որի վրա նշվում է ուսումնական հաստատության անվանումը:

Հոդված 10. Ուսումնական հաստատության կառավարումը

  1. Ուսումնական հաստատության կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:
  2. Ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը` տնօրենը, որը ընտրվում (նշանակվում) եւ ազատվում է (նրա լիազորությունները դադարում են) օրենսդրությամբ եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով:
  3. Պետական ուսումնական հաստատությունն ունի կոլեգիալ կառավարման մարմին` խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ):
  4. Ուսումնական հաստատության կառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
  5. Ուսումնական հաստատության կրթական գործունեության արդյունավետ կազմակերպման նպատակով ձեւավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավարժական, ծնողական, աշակերտական խորհուրդներ, առարկայական մեթոդական միավորումներ, որոնց ձեւավորման կարգը եւ իրավասությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ: Ուսումնական հաստատության կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաեւ այլ խորհրդակցական մարմիններ` հոգաբարձուների եւ այլ խորհուրդներ:
  6. Ուսումնական հաստատության կառավարմանը մասնակցում են ուսումնական հաստատության աշակերտական խորհրդի անդամները` խորհրդակցական ձայնի իրավունքով:

Հոդված 11. Պետական ուսումնական հաստատության խորհրդի լիազորություններն ու դրանց դադարեցման հիմքերը

  1. Պետական ուսումնական հաստատության խորհուրդը՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրում է տնօրեն եւ հիմնադրի անունից նրա հետ կնքում աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի  փորձագիտական եզրակացության հիման վրա վաղաժամկետ դադարեցնում է տնօրենի լիազորությունները` օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով.

2) հաստատում է ուսումնական հաստատության կազմակերպական կառուցվածքը,  ներքին կարգապահական կանոնները.

3) հավանություն է տալիս ուսումնական հաստատության զարգացման ծրագրին.

4) քննարկում եւ հավանություն է տալիս ուսումնական հաստատության հաստիքային եւ տարիֆիկացիոն ցուցակներին.

5) կարող է սահմանել պակաս խտությամբ դասարան` ուսումնական հաստատության  լրացուցիչ միջոցների հաշվին.

6) քննարկում է ուսումնական հաստատության   ամենամյա ծախսերի նախահաշիվը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը եւ ներկայացնում պետական լիազորված մարմին.

7) քննարկում է ֆինանսատնտեսական եւ ուսումնադաստիարակչական գործունեության հաշվետվությունները.

8) որոշում է մասնակցել արտաքին գնահատման, քննարկում է ներքին եւ արտաքին գնահատման արդյունքները.

9) վերահսկում է ուսումնական հաստատության զարգացման ծրագրի կատարումը.

10) հիմնադրի սահմանած կարգով սահմանում է ուսումնական հաստատության շահույթի տնօրինման հիմնական ուղղությունները.

11) առաջարկություններ է ներկայացնում պետական լիազորված մարմին՝ ուսումնական հաստատության գործունեության բնագավառին, նպատակներին եւ խնդիրներին համապատասխան.

12) հաստատում է իր աշխատակարգը եւ հաստատության կանոնադրությամբ ու խորհրդի ընտրության կարգի համաձայն՝  ընտրում է խորհրդի նախագահ.

13) իրականացնում է օրենքով, հիմնադրի կողմից իրեն վերապահված եւ (կամ) հաստատության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

  1. Պետական ուսումնական հաստատության խորհրդի անդամը պարտավոր է`

1) ուսումնական հասատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել խորհրդի նիստերին, գործել բարեխղճորեն՝ ի նպաստ երեխայի շահերի եւ կրթության արդյունավետության.

2) պատշաճորեն կատարել սույն օրենքով, ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված եւ խորհրդի որոշումներով (հանձնարարականներով) իրեն վերապահված պարտականությունները.

3) կատարել խորհրդի, իրեն ներկայացրած` լիազոր մարմնի այն հանձնարարությունները, որոշումները, որոնք բխում են ուսումնական հաստատության կանոնադրական նպատակներից։

  1. Պետական ուսումնական հաստատության խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են՝

1) այդ մասին անձնական դիմում ներկայացնելու,

2) անդամին լիազորած մարմնի հիմնավորված հետկանչի,

3) խորհրդի որոշմամբ՝ հիմնավորված առաջարկության,

4) մեկ տարվա ընթացքում  խորհրդի առնվազն երեք նիստի չներկայանալու,

5) դատական կարգով անգործունակ կամ անհայտ բացակայող կամ uահմանափակ գործունակ ճանաչվելու,

6) ուսումնական հաստատության լուծարման կամ վերակազմակերպման,

7) նրա մահվան դեպքերում։

  1. Խորհրդի անդամի լիազորությունները սույն հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հիմքերով չեն կարող դադարեցվել, եթե դրան հաջորդող երեք ամիսների ընթացքում տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար նախատեսվում է անցկացնել մրցույթ։

Հոդված 12. Ուսումնական հաստատության տնօրենը եւ նրա իրավասությունները

  1. Պետական ուսումնական հաստատության տնօրենն ընտրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մրցութային կարգով: Տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին կարող է մասնակցել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով վերապատրաստված եւ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստացած անձը։
  2. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն եւ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
  3. Վերապատրաստումը եւ հավաստագրումը անցկացվում են հետեւյալ փուլերով.

1) փաստաթղթերի համապատասխանության ճանաչում՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած փաստաթղթերի ցանկի.

2) ուսուցումների կազմակերպում՝ դիմողի նախաձեռնությամբ.

3) քննություն՝ թեստավորման եւ հարցազրույցի միջոցով.

4) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրում՝ հինգ տարի ժամկետով։

  1. Վերապատրաստման, քննությունների եւ հավաստագրման ընթացակարգերը, ինչպես նաեւ հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։
  2. Վերապատրաստումը կազմակերպվում է տարեկան երկու անգամ։
  3. Վերապատրաստումների մասին հայտարարությունը հրապարակվում է քննություններն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիu առաջ` առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի եւ զանգվածային լրատվության այլ միջոցներով:
  4. Վերապատրաստման բովանդակությունը կազմվում է կրթության բնագավառում իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական, ուսուցման մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքները եւ գործնական կարողությունները ձեւավորելու եւ դրանք ամրապնդելու նպատակով։
  5. Վերապատրաստումից հետո սահմանված կարգով քննություն հանձնած անձը ճանաչվում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած։
  6. Հավաստագրված անձանց ցանկը հրապարակվում է։
  7. Քննության արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի uահմանած կարգի։
  8. Վերապատրաստված եւ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձը կարող է հավաստագիրը ստանալու օրվանից հետո` հինգ տարվա ընթացքում, մասնակցել տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին։
  9. Տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար տնօրենի թեկնածուն խորհրդին ներկայացնում է`

1) սահմանված ցանկին համապատասխան փաստաթղթերը.

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիրը.

3) դպրոցի զարգացման իր ծրագիրը:

  1. Տնօրենի թեկնածուի ղեկավարման գործնական հմտությունները ստուգելու նպատակով խորհուրդն անցկացնում է հարցազրույց` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած հարցաշարերի հիման վրա:
  2. Մրցույթում հաղթած եւ խորհրդի հետ սահմանված կարգով պայմանագիր կնքած պետական ուսումնական հաստատության տնօրենը պաշտոնավարում է մինչեւ իր լիազորությունների ավարտը՝ անկախ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի հնգամյա ժամկետի լրանալուց։
  3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձը կարող է մինչեւ հավաստագրի ժամկետի լրանալը դիմել եւ անցնել սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված վերապատրաստումը եւ ստանալ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի նոր հավաստագիր։
  4. Ուսումնական հաստատության տնօրենը պատասխանատու է հանրակրթության պետական կրթական եւ առարկայական չափորոշիչներին համապատասխան ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, սովորողների առողջության պահպանման, կադրերի ընտրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանման համար, ինչպես նաեւ օրենքով եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար:
  5. Ուսումնական հաստատության տնօրեն չի կարող առաջադրվել եւ ընտրվել (նշանակվել) այն անձը, որը՝

1) պետական ուսումնական հաստատությունների դեպքում սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված կարգով չի ստացել ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր.

2) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

3) դատական կարգով զրկվել է մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

4) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

5) դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:

  1. Պետական ուսումնական հաստատության տնօրենը՝

1) խորհրդի քննարկմանն է ներկայացնում ուսումնական հաստատության ֆինանսատնտեսական հաշվետվությունը, արտաքին եւ ներքին գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկանք, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը.

2) ղեկավարում է ուսումնական հաստատության մանկավարժական խորհուրդը, աջակցում է ուսումնական հաստատության խորհրդակցական մարմինների աշխատանքներին.

3) կազմում է ուսումնական հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը եւ հաստատության խորհրդի հավանությամբ ներկայացնում պետական լիազորված մարմին.

4) խորհրդի հավանությանն է ներկայացնում ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը.

5) իրականացնում է օրենքով եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ  իրեն վերապահված  այլ լիազորություններ: