ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ 5


ԳԼՈՒԽ 5

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Հոդված 19. Կրթական գործընթացի մասնակիցները ուսումնական հաստատությունում

  1. Ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցներն են՝

1) սովորողը.

2) սովորողի ծնողը.

3) ուսուցիչը եւ մանկավարժական այլ աշխատողներ.

4) վարչական աշխատողները.

5) խորհրդում եւ խորհրդակցական մարմիններում ընդգրկված՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները  եւ  այլ  անձինք։

Հոդված 20. Սովորողի իրավունքներն ու պարտականությունները

  1. Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ եւ պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
  2. Սովորողն իրավունք ունի`

1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.

2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը եւ ուսուցման ձեւը, ինչպես նաեւ տվյալ ուսումնական հաստատությունում առկա  հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.

3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.

4) մասնակցելու ներդպրոցական եւ արտադպրոցական միջոցառումների.

5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական եւ այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.

6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.

7) ազատորեն փնտրելու եւ մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.

9) օգտվելու օրենքով եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:

  1. Սովորողը պարտավոր է`

1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության եւ ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել եւ տիրապետել համապատասխան հմտությունների եւ կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.

3) հաճախել եւ մասնակցել ուսումնական պարապմունքներին.

4) կատարել օրենքով եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:

Հոդված 21. Սովորողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

  1. Ուսումնական հաստատությունում կարգապահությունն ապահովվում է օրենքով, ուսումնական հաստատության կանոնադրությամբ եւ ներքին կարգապահական կանոններով սահմանված կարգով:
  2. Ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոնները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում սույն օրենքով եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով միջին եւ ավագ դպրոցների սովորողների նկատմամբ կարող են կիրառվել հետեւյալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն:

  1. Սովորողի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կարգապահական տույժը կարող է հանվել, եթե սովորողը կարգապահական նոր խախտում թույլ չի տվել եւ դրսեւորել է իրեն որպես բարեխիղճ, օրինակելի, կարգապահ սովորող:
  2. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը մեկ ուսումնական տարվա ընթացքում նույն սովորողի նկատմամբ կրկնակի կիրառվելու դեպքում ուսումնական հաստատությունը կարող է`

1) առաջարկել ծնողին սովորողին տեղափոխել այլ ուսումնական հաստատություն.

2) դիմել սոցիալական աջակցության բնագավառի լիազոր մարմնին` երեխային սոցիալական աջակցության ծառայություն կազմակերպելու առաջարկով:

  1. Եթե ոչ պետական ուսումնական հաստատության, մասնագիտացված հանրակրթական դպրոցի, ինչպես նաեւ այլընտրանքային ուսուցման համակարգում սովորողը կամ նրա ծնողը չի պահպանել պայմանագրային դրույթները, կամ սովորողը չի ապահովել կրթության բովանդակությանն ու ծավալի յուրացմանը ներկայացվող նվազագույն պահանջները, ապա տվյալ ուսումնական հաստատությունը կարող է միակողմանի լուծել պայմանագիրը՝ այդ մասին տասն օր առաջ տեղյակ պահելով ծնողին:
  2. Ուսումնական պարապմունքներից սովորողի հաճախակի անհարգելի բացակայության համար պատասխանատվություն է կրում ծնողը` օրենքով սահմանված կարգով:

Հոդված 22. Սովորողների առողջության պահպանումը

  1. Ուսումնական հաստատությունն ապահովում է կրթական ծրագրի կատարման անվտանգ եւ ապահով պայմաններ, բնականոն աշխատանքային ռեժիմ, բժշկական օգնություն եւ սպասարկում, սովորողների ֆիզիկական զարգացման ու առողջության ամրապնդման համար անհրաժեշտ պայմաններ, ձեւավորում է անձնական հիգիենայի եւ առողջ ապրելակերպի հմտություններ՝ համաձայն առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:
  2. Սովորողների առողջության պահպանման եւ ֆիզիկական ու մտավոր զարգացման դժվարությունները կանխարգելելու, վերականգնելու նպատակով յուրաքանչյուր սովորող տարին առնվազն մեկ անգամ անցնում է բժշկական (պրոֆիլակտիկ) հետազոտություն` ուսումնական հաստատության բժշկական սպասարկման ծառայության կողմից, իսկ դրա անհնարինության դեպքում` տարածքային սպասարկման առողջապահական կազմակերպության կողմից` պետական բյուջեի միջոցների հաշվին:

Հոդված 23. Սովորողների խրախուսումը

  1. Սովորողների համար ուսումնական հաստատության, նրա հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական եւ նյութական խրախուսման ձեւեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ ձեւեր։

Հոդված 24. Մանկավարժական աշխատողները

  1. Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը, որակավորման տարակարգերը, աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, կենսաթոշակների նշանակման, բժշկական զննության կազմակերպման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  2. Մանկավարժական աշխատողի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, որը`

1)  դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության կատարմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

4) դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:

  1. Պետական ուսումնական հաստատությունում ուսուցչի թափուր տեղ առաջանալու դեպքում այն համալրվում է մրցութային հիմունքներով՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած մրցույթի օրինակելի կարգի եւ ուսումնական հաստատության կանոնադրության, բացառությամբ նպատակային ուղեգրով մասնագիտական կրթություն ստացած թեկնածուի առկայության դեպքերի:

Հոդված 25. Ուսումնական հաստատության աշխատողների աշխատաժամանակը եւ մանկավարժական ստաժը

  1. Ուսումնական հաստատության աշխատողների աշխատանքի եւ հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  2. Ուսումնական հաստատության մանկավարժական եւ վարչական աշխատողների մանկավարժական աշխատանքային ստաժը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
  3. Պետական ուսումնական հաստատության ուսուցչի մեկ դրույքի լրիվ ուսումնական ծանրաբեռնվածությունը (դասավանդման ծավալը) չի կարող գերազանցել շաբաթական քսաներկու դասաժամը:
  4. Պետական ուսումնական հաստատության վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչեւ ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:

Հոդված 26. Ուսուցիչը եւ նրա ատեստավորումը

  1. Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որն ունի համապատասխան որակավորում կամ վերջին տասը տարվա ընթացքում մասնագիտական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:
  2. Ուսուցչի ատեստավորման գործընթացի կազմակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  3. Ուսուցչի հերթական ատեստավորումն անցկացվում է հինգ տարին մեկ, իսկ արտահերթ ատեստավորումը՝ հերթական ատեստավորումից առնվազն երկու տարի հետո։
  4. Ուսուցչի ատեստավորումը անցկացվում է պարզ եւ բարդ ընթացակարգերով։
  5. Պարզ ընթացակարգն իրականացվում է փաստաթղթային ատեստավորման եղանակով՝ ուսուցչի ատեստավորման տարածքային հանձնաժողովի կողմից, իսկ բարդ ընթացակարգը՝ թեստավորման եւ հարցազրույցի եղանակով, ուսուցչի ատեստավորման հանրապետական հանձնաժողովի կողմից։ Ուսուցչի ատեստավորման հանրապետական եւ տարածքային հանձնաժողովների ձեւավորման եւ գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  6. Յուրաքանչյուր տարի ուսումնական հաստատության ուսուցիչների մեկ հինգերորդը ենթակա է ատեստավորման` ըստ ուսումնական հաստատության տնօրենի հաստատած ժամանակացույցի:
  7. Տնօրենը յուրաքանչյուր տարվա համար կազմում է տվյալ տարվա ատեստավորման ենթակա ուսուցիչների ցանկ եւ մինչեւ մայիսի 1-ը ներկայացնում է ատեստավորման տարածքային հանձնաժողով։
  8. Տարածքային հանձնաժողովը մեկամսյա ժամկետում քննարկում եւ սահմանում է ուսուցիչների ատեստավորման ժամանակացույցը եւ եռօրյա ժամկետում ներկայացնում է համապատասխան ուսումնական հաստատություններին եւ ատեստավորման հանրապետական հանձնաժողով՝ ի գիտություն։
  9. Հերթական ատեuտավորման ենթակա ուսուցիչը ոչ ուշ, քան երեք ամիu առաջ տեղեկացվում է փաստաթղթային ատեuտավորման անցկացման ժամկետի մաuին:
  10. Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ուսումնական հաստատության միջոցների հաշվին նախապես անցնում է վերապատրաստում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած չափորոշիչներին համապատասխան: Առանձին դեպքերում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է կազմակերպել ուսուցիչների արտահերթ պարտադիր վերապատրաստում պետական բյուջեի կամ այլ միջոցների հաշվին:
  11. Ուսումնական հաստատությունն ինքնուրույն ընտրում է մանկավարժական աշխատողներին, այդ թվում՝ ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող կազմակերպությանը։ Ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը մշակում է պետական կառավարման լիազորված մարմինը:
  12. Ատեuտավորումից առնվազն մեկ ամիս առաջ ուսումնական հաստատության տնօրենը ներկայացնում է ուսուցչի աշխատանքային բնութագիրը եւ նրա գործունեության արդյունքների վերաբերյալ փաստաթղթային հիմքերը՝ նախապես դրանք ծանոթացնելով ուսուցչին։
  13. Ուսուցչի աշխատանքային բնութագիրը բովանդակում է տվյալներ ուսուցչի մասին, նրա գործնական, մարդկային հատկանիշների, ինչպես նաեւ առարկայական-մասնագիտական եւ մանկավարժական գիտելիքների ու կարողությունների, ուսուցչի աշխատանքային գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը:
  14. Աշխատանքային բնութագիր չներկայացնելը չի կարող բացաuաբար ազդել ուսուցչի ատեuտավորման արդյունքի վրա:
  15. Ուսուցչի աշխատանքային գործունեության արդյունքները գնահատվում են հետեւյալ փաստաթղթային հիմքերով.

1) ուսուցչի գործունեության վերաբերյալ ուսումնական հաստատության խորհրդակցական մարմինների հարցումները.

2) մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների հետեւողական կատարելագործման նպատակով անցած վերապատրաստումների արդյունքները (վկայական, հավաստագիր եւ այլն).

3) ուսումնական հաստատության տեսչավորումից հետո տրված եզրակացությունը (ուսուցչի մասով) եւ այլ հիմքեր։

  1. Ուսուցչի ատեստավորմանը ներկայացվող փաստաթղթերի ամբողջական ցանկը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։
  2. Պարզեցված ընթացակարգով փաuտաթղթային ատեuտավորումն անցկացվում է սահմանված ցանկին համապատասխան ներկայացված փաստաթղթերի հիման վրա։
  3. Ատեuտավորման տարածքային հանձնաժողովը յուրաքանչյուր ուսուցչի համար քվեարկության միջոցով ձայների մեծամասնությամբ ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.

1) համապատաuխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին եւ ենթակա է որակավորման տարակարգի շնորհման.

3) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին եւ ենթակա է որակավորման տարակարգի իջեցման.

4) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին։

  1. Ատեստավորման տարածքային հանձնաժողովն իր ընդունած որոշումները հրապարակում է նույն օրը եւ երկօրյա ժամկետում հիմնավորումներով ներկայացնում է ատեստավորման հանրապետական հանձնաժողով եւ համապատասխան ուսումնական հաստատություն։

Բարդ ընթացակարգով ատեստավորման եւ որակավորման  տարակարգի շնորհման կամ իջեցման ենթակա ուսուցչի վերաբերյալ որոշումը ատեստավորման հանրապետական հանձնաժողով է ներկայացվում ուսուցչի  գործունեության արդյունքների վերաբերյալ սույն հոդվածի 12-րդ, 15-րդ եւ 16-րդ մասերում նշված փաստաթղթային հիմքերով։

  1. Բարդ ընթացակարգով թեuտավորման եւ հարցազրույցի միջոցով ատեuտավորման եւ որակավորման տարակարգի շնորհման կամ իջեցման ենթակա է այն ուսուցիչը`

1) որի վերաբերյալ  ատեստավորման տարածքային հանձնաժողովը ընդունել է սույն հոդվածի 18-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով  նշված որոշումներից մեկը.

2) որը  հավակնում է ստանալ որակավորման տարակարգ եւ անցել է փաստաթղթային ատեստավորում։

  1. Սույն հոդվածի 18-րդ մասի 4-րդ կետում նշված որոշումը ենթակա է բարդ ընթացակարգով ատեստավորման, եթե որոշումը գրավոր բողոքարկվել է տվյալ ուսուցչի կամ տվյալ ուսումնական հաստատության կողմից։
  2. Բարդ ընթացակարգով ատեստավորման ենթակա ուսուցիչը ոչ ուշ, քան երեք ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման կարգի, հարցաշարերի, հարցաթերթիկի ձեւի, անցկացման վայրի, օրվա ու ժամի մասին:
  3. Բարդ ընթացակարգով ատեստավորման կազմակերպման եւ իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որը ներառում է թեստերի եւ հարցազրույցի անցկացման ու արդյունքները գնահատելու ձեւերը, հարցաշարերի բովանդակային բաղադրիչները, հարցաթերթիկի ձեւը եւ այլն։
  4. Ուսուցչի մասնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորման չափանիշը որակավորման տարակարգն է, որը որակավորման յուրաքանչյուր աստիճանում սահմանվում է երեք մակարդակներով։
  5. Ուսուցչի որակավորման տարակարգերի բնութագրիչները սահմանվում են` հիմք ընդունելով ուսուցչի մասնագիտական գիտելիքների, մանկավարժական աշխատանքային հմտությունների եւ ունակությունների ծավալը, ստեղծագործական-հետազոտական գործունեության արդյունավետությունը, մասնագիտական աշխատանքի ստաժը, մանկավարժական գործունեության որակական այլ ցուցանիշներ (ներառյալ՝ պարգեւատրում, համապատասխան մրցույթների մասնակցություն, մասնագիտական կատարելագործմանն ուղղված վերապատրաստումներ եւ այլն)։
  6. Ուսուցիչն իր նախաձեռնությամբ կարող է որակավորման ցանկացած տարակարգին համապատասխան առարկայական-մասնագիտական եւ մանկավարժական գիտելիքների գնահատում անցնել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կազմակերպությունում եւ ստանալ համապատասխան տեղեկանք:
  7. Ատեuտավորման հանրապետական հանձնաժողովը թեuտավորման եւ հարցազրույցի արդյունքներով ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.

1) ենթակա է որակավորման տարակարգի շնորհման.

2) ենթակա է որակավորման տարակարգի իջեցման.

3) վերանայել «չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» որոշումը.

4) հաստատել «չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» որոշումը։

  1. Ուսուցիչը կամ տնօրինությունը ատեստավորման արդյունքները կարող է բողոքարկել ատեստավորող տարածքային հանձնաժողովի որոշումը ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում: Բողոքարկված ատեստավորման արդյունքները վերանայվում են  ատեստավորման հանրապետական հանձնաժողովի կողմից, եւ մեկամսյա ժամկետում ընդունվում է համապատասխան որոշում: Հանրապետական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
  2. Ատեստավորման միջոցով որակավորման տարակարգ ստացած ուսուցչին տրվում է համապատասխան հավելավճար ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
  3. Ատեuտավորման տարածքային եւ հանրապետական հանձնաժողովների որոշումները հիմք են ուսուցչի պաշտոնավարության, զբաղեցրած պաշտոնից ազատելու համար, ինչպես նաեւ նրան որակավորման համապատասխան տարակարգ շնորհելու եւ հավելավճար սահմանելու համար։
  4. Սույն հոդվածի 27-րդ մասի 4-րդ կետի հիման վրա ուսումնական հաստատությունը եռօրյա ժամկետում պաշտոնից ազատում է տվյալ ուսուցչին եւ հայտարարում ուսուցչի թափուր տեղի համալրման մրցույթ։ Ուսուցչի պաշտոնից ազատումը անձին չի զրկում մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից։
  5. Արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել հերթական ատեստավորումից առնվազն երկու տարի հետո՝

1)  ուսուցչի նախաձեռնությամբ.

2) հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ.

3) տնօրենի պատճառաբանված որոշման հիման վրա:

  1. Արտահերթ ատեստավորվող ուսուցիչը պետք է ունենա նվազագույնը երկու տարվա մանկավարժական ստաժ, որից առնվազն մեկ տարին` տվյալ հաստատությունում:
  2. Ատեստավորման ենթակա չեն`

1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ուսուցիչները.

2) հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:

  1. Հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը ենթակա է ատեստավորման արձակուրդից վերադառնալուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նա ավելի վաղ ատեստավորվելու ցանկություն չի հայտնել:
  2. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաեւ ժամանակավոր անաշխատունակ ճանաչված ուսուցիչը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` չորսամսյա ժամկետում:

Հոդված 27. Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները

  1. Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`

1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) ընտրելու եւ ընտրվելու համապատաuխան պաշտոններում եւ կառավարման համապատաuխան մարմիններում.

3) մաuնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը եւ լուծմանը.

4) բողոքարկելու ուuումնական հաuտատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները եւ կարգադրությունները` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով.

5) առաջարկներ ներկայացնելու առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման վերաբերյալ.

6) oգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից` ուuումնական հաuտատության կանոնադրությանը համապատաuխան.

7) ընտրելու եւ կիրառելու դաuավանդման այնպիuի մեթոդներ եւ միջոցներ, որոնք ապահովում են ուuումնական գործընթացի բարձր որակ` իր ընտրությամբ օգտագործելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր եւ ուսուցողական նյութեր, ձեռնարկներ եւ սովորողների գիտելիքների, հմտությունների եւ կարողությունների գնահատման մեթոդներ.

8) պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական եւ այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր  մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.

9) ունենալու կազմակերպական եւ նյութատեխնիկական պայմաններ մաuնագիտական գործունեություն իրականացնելու համար.

10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու  կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

11) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան՝ մշակելու եւ իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.

12) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների եւ լսումների.

13) դիմելու արտահերթ ատեստավորվելու կամ որակավորման համապատասխան տարակարգ  ստանալու համար.

14) օգտվելու օրենքներով եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից եւ խրախուսման ձեւերից:

  1. Մանկավարժական աշխատողը պարտավոր է`

1) հարգել եւ պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատություները, պատիվն ու արժանապատվությունը.

2) նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.

3) նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական եւ լրացուցիչ) ծրագրերի յուրացման եւ առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաեւ ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձեւավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.

4) ապահովել հանրակրթության պետական չափորոշիչով նախատեսված ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը սովորողների կողմից` կիրառելով դասավանդման առավել արդյունավետ մեթոդներ եւ ժամանակակից տեխնոլոգիաներ.

5) հետեւողականորեն կատարելագործել իր առարկայական եւ մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական  եւ  հետազոտական աշխատանքներ.

6) համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման եւ ընտանեկան դաստիարակության հարցերում.

7)  համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման եւ մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

8) պահպանել ուuումնական հաuտատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով եւ կարգապահական կանոններով uահմանված պահանջները.

9) uովորողների մեջ ձեւավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենաuիրություն.

10) uովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն եւ uտեղծագործական ունակություններ:

  1. Մանկավարժական աշխատողների համար ուսումնական հաստատության, նրա հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական եւ նյութական խրախուսման ձեւեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ ձեւեր։

Հոդված 28. Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները

  1. Սովորողի ծնողն իրավունք ունի`

1) երեխայի ուսուցման համար ընտրելու ուսումնական հաստատությունը եւ կրթության ձեւը.

2) համագործակցելու ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների հետ իր երեխայի կրթության կազմակերպման  հարցերով.

3) դիմելու համապատասխան մարմիններին երեխայի զարգացման,  ուսուցման եւ դաստիարակության հարցերով.

4)  պաշտպանելու իր եւ իր երեխայի օրինական շահերը համապատասխան մարմիններում.

5) մասնակցելու հանրակրթական ծրագրերի իրականացման եւ դրանց արդյունավետության գնահատման գործընթացին.

6) մասնակցելու ուսումնական հաստատության ներքին գնահատմանը.

7) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը՝ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:

Սովորողի ծնողն ունի նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

  1. Սովորողի ծնողը պարտավոր է`

1) երեխայի  համար ընտանիքում ապահովել համապատասխան պայմաններ կրթություն ստանալու համար.

2) մշտապես հոգալ երեխայի ֆիզիկական առողջության եւ հոգեկան վիճակի մասին, ստեղծել համապատասխան պայմաններ երեխայի հակումների եւ ընդունակությունների զարգացման, կրթական կարիքների բավարարման համար.

3) հարգել երեխայի արժանապատվությունը, դաստիարակել աշխատասիրություն, բարություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն, գթասրտություն, հարգալից վերաբերմունք ընտանիքի, մեծահասակների, պետական եւ մայրենի լեզվի, ժողովրդական ավանդույթների եւ սովորույթների նկատմամբ.

4)  դաստիարակել հարգանք ազգային, պատմական, մշակութային արժեքների եւ հայրենիքի նկատմամբ, հոգատար վերաբերմունք պատմամշակութային հարստության եւ շրջակա միջավայրի նկատմամբ, հանդուրժողական վերաբերմունք այլ ժողովուրդների եւ մշակույթների  նկատմամբ.

5)  դաստիարակել հարգանք ուսումնական հաստատության  եւ մանկավարժական աշխատողների նկատմամբ.

6) սույն օրենքի 15-րդ եւ 16-րդ հոդվածներով սահմանված ժամկետներում երեխային բերել ուսումնական հաստատություն.

7) հատուցել իր, ինչպես նաեւ իր երեխայի կողմից ուսումնական հաստատությանը հասցված վնասը.

8) սովորողին զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ, հոգեմետ նյութեր, զենք, զինամթերք, թունավոր, պայթուցիկ, ինչպես նաեւ օրենքով եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ արգելված այլ նյութեր օգտագործելուց: