ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ 4


ԳԼՈՒԽ 4

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Հոդված 13. Ուսումնական հաստատության կրթական ծրագրերը

  1. Ուսումնական հաստատությունը հանրակրթական ծրագիր(եր) կարող է իրականացնել համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում` համաձայն իր կանոնադրության: Ուսումնական հաստատության կողմից իրականացվող հանրակրթական ծրագրերն ամրագրվում են իր կանոնադրությամբ:
  2. Ուսումնական հաստատությունը հիմնադրի որոշմամբ հանրակրթական ծրագիրը կարող է իրականացնել ցերեկային, երկարօրյա եւ (կամ) գիշերօթիկ աշխատակարգով:

Հոդված 14. Ուսումնական պլանները

  1. Ուսումնական հաստատությունում կրթական գործընթացը կազմակերպվում է` համաձայն հանրակրթության պետական չափորոշչի եւ ուսումնական հաստատության տարեկան ուսումնական պլանի:
  2. Ուսումնական հաստատությունում իրականացվող  յուրաքանչյուր հանրակրթական ծրագրի համար կազմվում է առանձին ուսումնական պլան` հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան:
  3. Հանրակրթական պետական ծրագիր  իրականացնող  ուսումնական հաստատությունն իր ուսումնական պլանները կազմում է օրինակելի ուսումնական պլանների հիման վրա: Օրինակելի ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչով նախատեսված ժամաքանակը ուսումնական հաստատությունը բաշխում է պետական բաղադրիչով սահմանված կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած առարկաներին:
  4. Ուսումնական հաստատությունը վճարովի հիմունքներով կարող է իրականացնել հանրակրթական եւ(կամ) մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրեր, ինչպես նաեւ այլ ծառայություններ՝ համաձայն իր կանոնադրության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի:

Սովորողների մասնակցությունը լրացուցիչ վճարովի պարապմունքներին կամավոր է եւ իրականացվում է ուսումնական հաստատության  եւ ծնողի միջեւ կնքված պայմանագրի հիման վրա, որի օրինակելի ձեւը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

Հոդված 15. Ուսումնական տարին

  1. Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից:
  2. Ուսումնական տարին բաղկացած է ուսումնական շաբաթներից, քննաշրջաններից եւ արձակուրդներից:
  3. Ուսումնական շաբաթների քանակը որոշվում է հենքային ուսումնական պլանով սահմանված տարեկան ժամաքանակների ապահովմամբ:
  4. Պետական ուսումնական հաստատությունում ուսումնական շաբաթվա հնգօրյա կամ վեցօրյա տեւողությունը սահմանում է ուսումնական հաստատությունը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում՝ հիմնադիրը։ Ուսումնական հաստատությունն այդ հարցը առնվազն տասնհինգօրյա ժամկետում համաձայնեցնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հետ:
  5. Ուսումնական տարվա ընթացքում կարող են սահմանվել քննաշրջաններ: Պետական ավարտական քննությունների ժամկետները եւ անցկացման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
  6. Ուսումնական տարվա ընթացքում նախատեսվում են աշնանային, ձմեռային, գարնանային եւ ամառային արձակուրդներ` հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան: Պետական ուսումնական հաստատությունում արձակուրդների ժամկետները եւ տեւողությունը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում` հիմնադիրը` այդ մասին տեղյակ պահելով պետական կառավարման լիազորված մարմնին։

Հոդված 16. Սովորողների ընդունելությունը, փոխադրումը, տեղափոխումը եւ ազատումը

  1. Սովորողների ընդունելությունը ուսումնական հաստատություն իրականացվում է տնօրենի հրամանով` դպրոցահասակ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի (այսուհետ` ծնող) դիմումի եւ հաստատության ու ծնողի միջեւ կնքված պայմանագրի հիման վրա` սույն օրենքով եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով: Պետական ուսումնական հաստատությունների համար պայմանագրի օրինակելի ձեւը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
  2. Ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն արգելվում է:
  3. Հանրակրթական դպրոցի առաջին դասարան երեխայի ընդունելության ժամանակ արգելվում է գիտելիքների ստուգումը:
  4. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն կատարվում է` համաձայն ոլորտը կարգավորող օրենսդրության:
  5. Դպրոցական տարիքի երեխային ուսումնական հաստատություն ընդգրկելու համար պատասխանատու է ծնողը՝ օրենքով սահմանված կարգով:
  6. Ուսումնական հաստատությունը, տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմինները ապահովում են դպրոցական տարիքի երեխայի ընդգրկումը ուսումնական հաստատություն:
  7. Սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթությունը կազմակերպվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
  8. Ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելը եւ ազատելը կատարվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած կարգով հետեւյալ դեպքերում.

1) ծնողի դիմումի հիման վրա.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:

  1. Ոչ պետական ուսումնական հաստատությունում, մասնագիտացված հանրակրթական դպրոցում կամ այլընտրանքային ծրագրում ընդգրկված սովորողի ազատումը կամ այլ ուսումնական հաստատություն տեղափոխումը կարող է կատարվել նաեւ ծնողի եւ տվյալ ուսումնական հաստատության միջեւ կնքված պայմանագրային դրույթները սովորողի կամ ծնողի կողմից չպահպանվելու դեպքում:
  2. Սովորողների կողմից կրթական ծրագրի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման, սովորողի փոխադրման եւ ավարտման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

Հանրակրթական ծրագրի նախորդ աստիճանը կամ տվյալ ուսումնական տարվա ծրագիրը չյուրացրած սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթության հաջորդ աստիճան կամ դասարան:

  1. Ուսումնական տարվա ընթացքում` մինչեւ մայիսի 1-ը, 20-30 օր կամ 120-160 ժամ դասերից բացակայած սովորողը հանձնում է քննություններ ուսումնական պլանով նախատեսված 5 առարկաներից՝ ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ: Քննություններից անբավարար գնահատական ստացած կամ 160 ժամից ավելի բացակայած սովորողը կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը:

Հոդված 17. Ուսումնական գործընթացի կազմակերպումը

  1. Ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացն իրականացվում է խմբային կամ անհատական ուսուցման եղանակով:
  2. Ուսումնական խմբերը` դասարանները, կազմավորվում են ըստ սովորողների տարիքի եւ նրանց կողմից ուսումնական ծրագրի յուրացման արդյունքի: Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի համաձայն՝ կարող են կազմավորվել բազմահամակազմ դասարաններ:

Պետական ուսումնական հաստատության դասարանի կազմավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

  1. Ուսումնական հաստատությունում խմբային ուսուցման կազմակերպման հիմնական ձեւը դասն է: Դասի տեւողությունը սահմանվում է հանրակրթության պետական չափորոշիչով:

Առանձին առարկաների դասաժամերին դասարանը կարող է բաժանվել խմբերի` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

Խմբային ուսուցումը կարող է կազմակերպվել նաեւ ուսումնաարտադրական, փորձարարական բազաներում եւ մարզաառողջարարական ճամբարներում:

  1. Սովորողների անհատական ուսուցման կազմակերպման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
  2. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը հանրակրթական դպրոցում իրականացվում է ներառական կրթության սկզբունքով:
  3. Ուսումնական հաստատություններում գործածվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով փորձաքննություն անցած եւ երաշխավորված դասագրքեր եւ ձեռնարկներ` ուսումնական հաստատության ընտրությամբ:
  4. Ուսումնական հաստատությունը կրթության  կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով սովորողների, նրանց ծնողների, մանկավարժական աշխատողների եւ տվյալ ուսումնական հաստատությունում կրթական գործընթացին  մասնակից այլ անձանց համար   ապահովում է կրթությանն օժանդակող խորհրդատվական ծառայություններ` տեղեկատվական, հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, հատուկ մանկավարժական, մեթոդական, առողջապահական եւ այլն: Մասնագիտացված կրթական աջակցության ձեւերի կազմակերպման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

Հոդված 18. Սովորողների գնահատումը եւ ատեստավորումը

  1. Սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ եւ ամփոփիչ (կիսամյակային եւ տարեկան) գնահատումը, դրանց ձեւերի, մեթոդների, հաճախականության, առաջադրանքների բովանդակության ընտրությունը կատարում է ուսումնական հաստատությունը` հանրակրթության պետական չափորոշչին եւ այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:
  2. Տարրական, հիմնական եւ միջնակարգ հանրակրթական ծրագրերի ավարտին իրականացվում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին սովորողների համապատասխանության ստուգում` պետական ամփոփիչ ատեստավորում:
  3. Ուսումնական հաստատության շրջանավարտին տրվում է ավարտական փաստաթուղթ: Ավարտական փաստաթղթերի ձեւերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: