ԿԱՌ․ ՄԱՐՄ․ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱՍ․

ԳԼՈՒԽ 6

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 29. Հանրակրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`

1) հանրակրթության  բնագավառում  իրականացնում  է  պետական քաղաքականությունը.

2) հաստատում է հանրակրթության պետական չափորոշչի ձեւավորման եւ հաստատման կարգը.

3) հաստատում է հանրակրթության պետական չափորոշիչը.

4) հիմնադրում է ուսումնական հաստատություններ.

5) հաստատում է պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունները.

6) հաստատում է պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության(նշանակման) կարգը.

7)  հաստատում է այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայությունը խոչընդոտում է մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը.

8) սահմանում է պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգը.

9) հաստատում է հիմնական եւ միջնակարգ կրթության ավարտական փաստաթղթերի ձեւերը.

10) սահմանում է ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը, որակավորման տարակարգերը, աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, կենսաթոշակների նշանակման, բժշկական զննության կազմակերպման կարգերը.

11) սահմանում է ուսումնական հաստատության աշխատողների աշխատանքի եւ հանգստի ռեժիմի առանձնահատկությունները.

12) հաստատում է ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման կարգը.

13) սահմանում է ուսուցիչների ատեստավորման եւ որակավորման տարակարգերի շնորհման, մարզային (Երեւանի քաղաքային) եւ հանրապետական հանձնաժողովների ստեղծման եւ գործունեության կարգերը.

14) սահմանում է ատեստավորման միջոցով որակավորում ստացած մանկավարժական աշխատողներին հավելավճար տալու կարգը.

15) հաստատում է ուսումնական հաստատության գործունեության ներքին եւ արտաքին գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը.

16) սահմանում է ուսումնական հասատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը.

17) սահմանում է պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման ենթակա ոչ պետական ուսումնական հաստատությանը ներկայացվող պահանջները եւ չափանիշները.

18) սահմանում է ուսումնական հաստատությունների լրացուցիչ ֆինանսավորման մրցույթի կարգը.

19) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 30. Հանրակրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները

  1. Կրթության պետական կառավարման լիազորված մարմի իրավասություններն են`

1) մշակում եւ հաստատում է հանրակրթական պետական ծրագրերը, հանրակրթական այլընտրանքային, այդ թվում՝ փորձարարական, հեղինակային եւ միջազգային հիմնական ծրագրեր.

2) սահմանում է մասնագիտացված հանրակրթական, արտակարգ ընդունակություններ դրսեւորած երեխաների, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների եւ այլընտրանքային կրթական ծրագրերի իրականացման ժամկետները.

3) տալիս է հանրակրթական ծրագրերի իրականացման լիցենզիաներ.

4) օրենքով սահմանված կարգով համաձայնություն է տալիս այլ տեսակի ոչ պետական ուսումնական հաստատության ստեղծմանը.

5) համարվում է պետական ավագ դպրոցների պետական լիազոր մարմինը.

6) սահմանում է պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձեւավորման կարգը.

7) փորձագիտական եզրակացություն է տալիս պետական ուսումնական հաստատության տնօրենի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ.

8) հաստատում է երաշխավորված դասագրքերի  ցանկը.

9) համաձայնություն է տալիս պետական ուսումնական հաստատությունում ուսումնական շաբաթվա հնգօրյա կամ վեցօրյա տեւողություն սահմանելուն.

10) սահմանում է պետական ուսումնական հաստատություններում արձակուրդների ժամկետները եւ տեւողությունը.

11) սահմանում է պետական ավարտական քննությունների ժամկետները եւ անցկացման կարգը.

12) հասատում է պետական ուսումնական հաստատության եւ ծնողի միջեւ կնքվող  պայմանագրերի օրինակելի ձեւերը.

13) սահմանում է դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու կարգը.

14) սահմանում է սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման կարգը.

15) մշակում եւ հաստատում է ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման  անցկացման, սովորողի փոխադրման եւ ավարտման կարգը.

16) կազմակերպում է ամփոփիչ ատեստավորում եւ  որոշում ուսումնական հաստատության շրջանավարտների համապատասխանությունը հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին.

17) հաստատում է ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու եւ ազատելու կարգը.

18) սահմանում է բազմահամակազմ դասարան կազմավորելու, առանձին առարկաների դասաժամերին դասարանը խմբերի բաժանելու կարգերը.

19) հաստատում է սովորողների անհատական ուսուցման, ինչպես նաեւ դրսեկության ձեւով հանրակրթության կազմակերպման կարգերը.

20) ապահովում է առարկայական ծրագրերի, դասագրքերի եւ ուսումնական ձեռնարկների,  դասամատյանների ձեւերի մշակումը, փորձաքննությունը եւ հրատարակումը.

21) մշակում եւ հաստատում է ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգը.

22) սահմանում է մանկավարժական աշխատողների եւ տնօրենի վերապատրաստման բովանդակությանը ներկայացվող պահանջները,  համաձայնություն է տալիս ուսուցիչների վերապատրաստման ծրագրերին.

23) իրականացնում է ուսումնական հաստատությունների վերահսկողություն, պետական տեսչավորում եւ գործունեության  գնահատում, հրապարակում է ուսումնական հաստատությունների վարկանիշային ցանկը.

24) մասնակցում է ուսումնական հաստատության արտաքին գնահատմանը.

25) հաստատում է սովորողների հանրապետական առարկայական օլիմպիադաների, մրցույթների, ռազմամարզական խաղերի, սպարտակիադաների, մանկավարժական աշխատողների մասնագիտական  մրցույթների կազմակերպման եւ անցկացման կարգերն ու կանոնադրությունները.

26) առաջարկում է մրցութային հիմունքներով ուսումնական հաստատությանը հատկացնել լրացուցիչ նպատակային ֆինանսավորում պետական բյուջեի միջոցներից.

27) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ կառավարության որոշումներով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 31.  Հանրակրթության բնագավառում տարածքային կառավարման մարմնի եւ Երեւանի քաղաքապետի իրավասությունները

  1. Մարզպետի (Երեւան քաղաքում` քաղաքապետի) իրավասություններն են`

1) ապահովում է մարզի տարածքում (Երեւան քաղաքում) պետական կրթական քաղաքականության իրականացումը.

2) վերահսկում է ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության եւ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը, կրթական ծրագրերի իրականացումը` հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան.

3) համակարգում եւ վերահսկում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում է նրանց ընդգրկումը ուսումնական հաստատություն.

4) ապահովում է պետական ուսումնական հաստատություններին օգտագործման իրավունքով հանձնված շենքերի կառուցումը, շահագործումը եւ պահպանումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անցկացնում է պետական ուսումնական հաստատության տնօրենի եւ մանկավարժական աշխատողի ատեստավորումը.

6) աջակցում է ուսումնական հաստատություններում սովորողների եւ շրջանավարտների գիտելիքների գնահատման կամ թեստավորման գործընթացին.

7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ։

Հոդված 32. Հանրակրթության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմնի իրավասությունները

  1. Համայնքի ղեկավարի իրավասություններն են`

1) աջակցում է համայնքի տարածքում պետական կրթական քաղաքականության իրականացմանը` օրենքով սահմանված կարգով.

2) իրականացնում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություն.

3) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 33. Ուսումնական հաստատության գործունեության վերահսկողությունը

  1. Ուսումնական հաստատության գործունեության վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, ինչպես նաեւ օրենքով նախատեսված պետական կառավարման այլ մարմիններ:
  2. Ուսումնական հաստատությունում կրթության բնագավառի օրենսդրության պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոդված 34. Ուսումնական հաստատության գործունեության գնահատումը

  1. Ուսումնական հաստատության գործունեությանը տրվում է ներքին եւ արտաքին գնահատական, որոնց չափանիշները եւ իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  2. Ներքին գնահատումը ուսումնական հաստատության կողմից իր գործունեության վերլուծությունն է։ Ներքին գնահատումն իրականացվում է տարեկան մեկ անգամ` մինչեւ նոր ուսումնական տարվա սկիզբը։ Ներքին գնահատմանը մասնակցում են վարչական եւ մանկավարժական աշխատողները, սովորողները եւ ծնողները։
  3. Ներքին գնահատման հաշվետվությունը տնօրենը մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբերի 5-ը ներկայացնում է ուսումնական հաստատության խորհրդին, ծնողական, աշակերտական եւ այլ գործող խորհուրդներին, ինչպես նաեւ ապահովում դրա հրապարակումը:
  4. Ուսումնական հաստատության արտաքին գնահատման նպատակը դրա գործունեության արդյունավետության գնահատումն է` նմանատիպ մյուս հաստատությունների համեմատությամբ։ Արտաքին գնահատման չափանիշները միասնական են բոլոր ուսումնական հաստատությունների համար:
  5. Արտաքին գնահատումը կատարվում է ուսումնական հաստատության գիտությամբ` անկախ կազմակերպության կողմից:
  6. Արտաքին գնահատմանը մասնակցում են ծնողները, սովորողները, կրթության պետական եւ տարածքային կառավարման լիազորված մարմինները, տեղական ինքնակառավարման մարմնի եւ ուսումնական հաստատության ներկայացուցիչները։
  7. Ուսումնական հաստատության արտաքին գնահատումն իրականացվում է սովորողին մատուցվող կրթական ծառայությունների որակի եւ հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին շրջանավարտների համապատասխանության հիման վրա:
  8. Արտաքին գնահատման ընթացքում օգտագործվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրականացրած տեսչական ստուգումների արդյունքները։
  9. Կրթական ծառայությունների որակի գնահատման հիմքը ուսումնական հաստատությունների միջին վիճակագրական տվյալների ցուցանիշներն են:
  10. Շրջանավարտների համապատասխանության աստիճանը հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին որոշվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կազմակերպած ամփոփիչ ատեստավորման արդյունքներով։
  11. Արտաքին գնահատման արդյունքներով կրթության պետական կառավարման լիազորված մարմինը հրապարակում է ուսումնական հաստատությունների վարկանիշային ցանկը: