ՀԱՄ․ ԳՈՐ․ ՏՆՏԵՍ․ ՀԻՄՔ․

ԳԼՈՒԽ 7

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Հոդված 35. Ուսումնական հաստատության ֆինանսավորումը

Ուսումնական հաստատության ֆինանսական միջոցները գոյանում են պետական բյուջեից եւ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
Ուսումնական հաստատություններին պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ուսումնական հաստատության ֆինանսավորումը պետական բյուջեից կատարվում է ըստ իրականացվող հանրակրթական ծրագրերի՝ կախված սովորողների թվից: Ոչ պետական ուսումնական հաստատությունը պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջներին եւ չափանիշներին համապատասխանելու դեպքում:
Ուսումնական հաստատությունը կարող է մրցութային հիմունքներով պետական բյուջեից ստանալ լրացուցիչ ֆինանսավորում հետեւյալ նպատակներով.
1) իրականացնել հատուկ կամ լրացուցիչ կրթական ծրագրեր արտակարգ ընդունակություններ դրսեւորած  երեխաների համար.

2) իրականացնել ուսումնամեթոդական գիտափորձ եւ(կամ) այլընտրանքային ծրագիր.

3) կազմակերպել դպրոցականների միջազգային օլիմպիադաների նախապատրաստական հավաքներ եւ դասընթացներ.

4)  ստեղծել ուսումնամեթոդական ձեռնարկներ եւ ուսումնական նյութեր (այդ թվում՝ էլեկտրոնային):

Ուսումնական հաստատությունը կարող է մրցութային հիմունքներով պետական բյուջեից կրթության պետական կառավարման լիազորված մարմնի առաջարկությամբ ստանալ լրացուցիչ ֆինանսավորում նաեւ այլ նպատակներով:

Լրացուցիչ ֆինանսավորման կարգը սահմանում է  Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանրակրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական ուսումնական հաստատությունը կարող է իր կրթական ծառայությունները կազմակերպել վճարովի հիմունքներով, այդ թվում՝ սովորողներից գանձել ուսման վարձավճար` համաձայն տվյալ ուսումնական հաստատության կանոնադրության։
Հայաստանի Հանրապետության սահմանամերձ, բարձրլեռնային եւ լեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների համար սահմանվում է հավելյալ աշխատավարձ՝ միջին մանկավարժական աշխատավարձի 50 տոկոսի չափով:
Հոդված 36. Ուսումնական հաստատության ձեռնարկատիրական գործունեությունը

Ուսումնական հաստատությունը ձեռնարկատիրական գործունեությամբ կարող է զբաղվել միայն օրենքով կամ հիմնադրի որոշմամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում եւ գործունեության տեսակներով: Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով ուսումնական հաստատությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:
Պետական ուսումնական հաստատության գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է դրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար: Ուսումնական հաստատության շահույթի օգտագործման կարգը սահմանում է հիմնադիրը:
Ուսումնական հաստատության ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով։
Հոդված 37. Հանրակրթության պետական երաշխիքները

Պետությունը հանրակրթության համակարգի պետական ուսումնական հաստատությունների գործունեության կարիքների համար երաշխավորում է ամենամյա համապատասխան բյուջետային հատկացումներ:
Պետական կրթական չափորոշիչների սահմաններում հանրակրթություն ստանալու պետական երաշխիքի հիմքը պետական ֆինանսավորումն է՝ օրենքով սահմանված կարգով:
Պետությունը ուսումնական հաստատություններին, անկախ կազմակերպական-իրավական ձեւից, երաշխավորում է գործունեության հավասար իրավական դաշտ` կանոնադրությամբ նախատեսված հանրակրթական գործունեության մասով:
Հանրակրթական հիմնական ծրագրերի իրականացման նկատմամբ կիրառվում է օրենքով սահմանված հարկային արտոնությունների համակարգ։