ԱՆՑ․ ԵՎ ԵԶՐԱ․ ԴՐՈՒՅԹ․

ԳԼՈՒԽ 8

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 38. Անցումային դրույթներ

  1. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասի եւ 7-րդ հոդվածի 8-րդ մասի գործողությունը չի տարածվում մինչեւ 2006 թվականը հանրակրթական դպրոցների առաջին դասարան ընդունված 6.5 եւ բարձր տարիքի սովորողների վրա: Նրանց կրթությունը շարունակվում է` «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի համաձայն:
  2. Պետական ուսումնական հաստատությունների  տեսակների համապատասխանեցումը սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին եւ 5-րդ մասերի պահանջներին իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամանակացույցով` մինչեւ 2011-2012 ուսումնական տարին:
  3. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված դրույթները չեն տարածվում մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը ընտրված տնօրենների վրա՝ մինչեւ օրենքով սահմանված նրանց լիազորությունների ժամկետի ավարտը։ Իսկ անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող տնօրենները մինչեւ 2011 թվականի օգոստոսի 1-ը վերապատրաստվում են, ստանում ուսումնական հաստատության կառավարման իրավունքի հավաստագիր եւ մասնակցում տնօրենի ընտրության համար մրցույթին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի եւ ժամանակացույցի։ Համապատասխան հավաստագիր չստացած կամ մրցույթում չհաղթած տնօրենի լիազորությունները դադարեցվում են։
  4. Սույն օրենքի 26-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2010 թվականի մարտի 1-ից:
  5. Ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, որոնք, համաձայն սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի, չունեն համապատասխան որակավորում եւ 5 տարուց պակաս մասնագիտական աշխատանքային ստաժ, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը, եթե մինչեւ 2011 թվականի օգոստոսի 20-ը ստացել (ստանում) են համապատասխան որակավորում:
  6. Սույն օրենքի 34-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2012 թվականի օգոստոսի 1-ից:
  7. Սույն օրենքի դրույթներին չհամապատասխանող նորմատիվ իրավական ակտերը մինչեւ 2010 թվականի օգոստոսի 20-ը համապատասխանեցվում են սույն օրենքի պահանջներին:

Հոդված 39.  Եզրափակիչ դրույթ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը: