«Ընդհանուր դրույթներ»

 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Հանրակրթության մասին օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության հանրակրթության համակարգի պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, կարգավորում է հանրակրթության գործընթացին մասնակից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավահարաբերությունները, ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված կրթության իրավունքի, պարտադիր հիմնական ընդհանուր կրթության եւ անվճար միջնակարգ կրթության հնարավորության հիմքերը:

Հոդված 2. Հանրակրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

  1. Հանրակրթության բնագավառը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն օրենքով, ոլորտը կարգավորող այլ օրենքներով եւ իրավական ակտերով:
  2. Եթե Հայաստանի Հանրապետության պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) հանրակրթություն ` անձի ուսուցման եւ դաստիարակության գործընթաց, որն իրականացվում է նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ կրթության հիմնական եւ լրացուցիչ ծրագրերով.

2) տարրական կրթություն ՝ պարտադիր կրթության առաջին մակարդակ, որը ներառում է  հանրակրթական հիմնական ծրագրերի առաջին աստիճանը.

3) հիմնական կրթություն ` պարտադիր կրթության երկրորդ  մակարդակ, որը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի առաջին եւ երկրորդ աստիճանները.

4) միջնակարգ կրթություն ` հանրակրթության երրորդ մակարդակ, որը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի երեք  աստիճանները.

5) հանրակրթության պետական չափորոշիչ ` նորմատիվ փաստաթուղթ, որը սահմանում է հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, կրթական ծրագրի առավելագույն ծավալը, ըստ կրթական մակարդակների` շրջանավարտներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջները, սովորողների գնահատման համակարգը.

6) հանրակրթական ծրագիր (հիմնական եւ լրացուցիչ) ` հանրակրթության նպատակների իրականացմանն ուղղված ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի եւ ուսուցման կազմակերպման ձեւերի ամբողջություն.

7) հանրակրթական ուսումնական հաստատություն (այսուհետ` ուսումնական հաստատություն) ` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է հանրակրթական հիմնական ծրագիր(եր).

8) հանրակրթական դպրոց` մեկ կամ մի քանի ընդհանուր, այդ թվում ՝ հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցմամբ  հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության տեսակ.

9) մասնագիտացված հանրակրթական դպրոց ` ռազմագիտության, սպորտի, արհեստների, արվեստի կամ գիտության որեւէ բնագավառում հանրակրթական հիմնական  մասնագիտացված ծրագրեր   իրականացնող ուսումնական հաստատության տեսակ.

10) հատուկ հանրակրթական դպրոց` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաեւ հակասոցիալական վարք դրսեւորող սովորողների համար հանրակրթական հիմնական  ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության տեսակ.

11) բազմահամակազմ դասարան ` տարբեր դասարանների առարկայական ծրագրեր յուրացնող սովորողներից բաղկացած ուսումնական խումբ.

12) մանկավարժական աշխատող ` սովորողների կողմից հանրակրթական (հիմնական, լրացուցիչ) ծրագրերի յուրացման եւ առարկայական չափորոշիչների պահանջների ապահովման գործընթացին, ինչպես նաեւ ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձեւավորմանը նպաստող եւ(կամ) դրանք ապահովող ուսումնական հաստատության աշխատակից.

13) ուսուցիչ ` ուսումնական հաստատությունում սովորողների կողմից առարկայական ծրագրերի յուրացումը դասապրոցեսի միջոցով ապահովող եւ այդ գործընթացի համար անմիջականորեն պատասխանատու մանկավարժական աշխատող.

14) ուսուցչի ատեստավորում ` ուսուցչի գիտելիքների, աշխատանքային կարողությունների, հմտությունների՝ զբաղեցրած պաշտոնին, որակավորման տարակարգի բնութագրիչներին  համապատասխանության  որոշման գործընթաց.

15) դասագրքի փորձաքննություն ` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով հանրակրթության պետական չափորոշիչներին դասագրքի համապատասխանության գնահատման գործընթաց, որը որոշվում է ուսումնական հաստատությունում դասագիրքն առնվազն մեկ ուսումնական տարվա ընթացքում փորձնական կարգով օգտագործելու միջոցով:

Հոդված 4. Հանրակրթության բնագավառում պետական քաղաքականությունը

  1. Հայաստանի Հանրապետությունը հռչակում եւ երաշխավորում է հանրակրթության բնագավառի զարգացումը` որպես անհատի եւ հասարակության անվտանգության եւ կայուն զարգացման ապահովման, հայ ինքնության պահպանման կարեւոր երաշխիք:
  2. Հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության եւ մարդասիրության ոգով դաստիարակված եւ մասնագիտական կողմնորոշում ունեցող անձի ձեւավորումն է:
  3. Հայաստանի Հանրապետությունն ապահովում է կրթության ժողովրդավարական եւ աշխարհիկ բնույթը:
  4. Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
  5. Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:
  6. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է 12-ամյա միջնակարգ կրթություն:
  7. Հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է:
  8. Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն:

Կրոնական գործունեությունը եւ քարոզչությունն ուսումնական հաստատություններում արգելվում են, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

  1. Հայաստանի Հանրապետությունում հանրակրթությունն իրականացվում է գրական հայերենով` «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
  2. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հանրակրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով` հայերենի պարտադիր ուսուցմամբ:

Հոդված 5. Հանրակրթության նպատակները եւ պետական քաղաքականության սկզբունքները

  1. Հանրակրթությունը նպատակաուղղված է սովորողի մտավոր, հոգեւոր, ֆիզիկական եւ սոցիալական զարգացմանը, նրա անձի` որպես ապագա քաղաքացու ձեւավորմանը, ինքնուրույն կյանքի, մասնագիտական կողմնորոշմանը եւ մասնագիտական կրթության նախապատրաստմանը:
  2. Հանրակրթության բնագավառում պետությունը երաշխավորում է հետեւյալ սկզբունքների ապահովումը.

1) հանրակրթության մարդասիրական բնույթը, ազգային եւ համամարդկային արժեքների, մարդու կյանքի ու առողջության, անհատի ազատ եւ համակողմանի զարգացման առաջնայնությունը, քաղաքացիական գիտակցության կարեւորումը, անհատի եւ նրա իրավունքների ու ազատությունների նկատմամբ հարգանքը, արժանապատվությունը, հայրենասիրությունը, աշխատասիրությունը, պատասխանատվությունը, հանդուրժողականությունը, բնապահպանական աշխարհայացքի ձեւավորումը.

2) հանրակրթության հավասար հնարավորությունները, մատչելիությունը, շարունակականությունը, հաջորդականությունը եւ համապատասխանությունը սովորողների զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին.

3)  հանրակրթության  բնագավառում  ժողովրդավարական  կառավարման սկզբունքների ապահովումը.

4) ուսումնական հաստատություններում ստեղծագործական աշխատանքի խթանումը, սովորողների վերլուծական, քննադատական մտածողության, գիտելիքների ինքնուրույն ձեռքբերման եւ կիրառման, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ունակությունների զարգացման առաջնայնությունը.

5) հանրակրթության որակի շարունակական բարելավումը, միջազգային չափանիշներին համապատասխանությունը, ինչպես նաեւ միջազգային կրթական համակարգին ինտեգրումը.

6) ուսումնական հաստատությունների ինքնավարության եւ պետական վերահսկողության հավասարակշռումը.

7) անկախ  կազմակերպական-իրավական  ձեւից`  ուսումնական  հաստատությունների եւ դրանցում սովորողների ու աշխատողների իրավահավասարությունը.

8)  հանրակրթական եւ այլ կրթական ծրագրերի փոխհամաձայնեցվածությունը